Սոցիալական ծառայություն

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 30-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վարչական բաժնի աշխատակիցներին և բժիշկներին՝ ուղեկցությամբ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Տիար Արմեն Չարչյանի:

Հանդիպման ընթացքում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Տիար Արմեն Չարչյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այսօր ուխտի են եկել Ս. Էջմիածին՝ իրենց ուխտը վերանորոգելու Միածնաէջ Սուրբ Տաճարում, աղոթելու Հայոց Եկեղեցու անսասանության և նրա Գահակալի կենաց արևշատության համար:

Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակազմի և բժիշկների անձնվեր և շնորհակալ ծառայությանը՝ հանուն մարդու առողջության վերականգնման և պահպանման: Վեհափառ Հայրապետը նաև հույս հայտնեց, որ Աստված պիտի լսի նրանց աղոթքի ձայնը և ժամանակին նաև իրականություն դարձնի ուխտավորների բոլոր երազներն ու ցանկությունները:

Ի նշան հանդիպման՝ Նորին Սրբությունը ներկաներին «Նարեկ» նվիրեց՝ հորդորելով հաճախակի ընթերցել Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանը և զորանալ նրանով իրենց առաքելության ընթացքում:

Աղբյուրը

 

Place for supporters
& advertisement