Նվիրապետական Աթոռներ

Ծաղկազարդի տօնը Երուսաղէմում

Ապրիլի 1-ին, Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը նշեց Ծաղկազարդի տօնը:

Ըստ Status Quo-ի՝ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի իրաւունքն է՝ Ծաղկազարդի տօնը նշել Ս. Յարութեան Տաճարում:

Տօնի առթիւ, Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը Մարտի 31-ին հանդիսաւոր կերպով «Հրաշափառ»-ով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, որտեղ Պատանատեղիի եւ Ս. Գերեզմանի երկրպագութեան կարգից յետոյ, Հայոց Երկրոդ Գողգոթայում տեղի ունեցաւ Երեկոյեան ժամերգութիւն եւ Նախատօնակ: Նախատօնակի աւարտին, տեղի ունեցաւ հանդիսաւոր թափօր:

Յաջորդ օրը, ապրիլի 1-ին, առաւօտեան, Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը հանդիսաւոր մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար եւ Գողգոթայում երկրպագութեան կարգ կատարելուց յետոյ, Հայոց Երկրորդ Գողգոթայում Գիշերային եւ Առաւօտեան ժամերգութիւն կատարեց: Ժամերգութեան աւարտին, Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը, երկրորդ անգամ, հանդիսաւոր մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար: Ծաղկազարդի տօնի Ս. Պատարագ մատուցուեց Հայոց Երկրորդ Գողգոթայում: Պատարագի աւարտին, Միաբան Հայրերը արմաւի ճիւղերն ի ձեռին, եռադարձ թափօր կատարեցին Ս. Գերեզմանի եւ Պատանատեղւոյն շուրջ:

Ծաղկազարդի թափօրին մասնակցեցին նաեւ Ս. Երկրում Հայոց Եկեղեցւոյ հետեւակ՝ Ղպտի եւ Ասորի եկեղեցւոյ հոգեւորականները: Սուրբ Երկրում Հայ Եկեղեցւոյ հետեւակ եկեղեցիներից Ղպտի եւ Ասորի Եկեղեցիները Ս. Յարութեան Տաճարում Հայոց թափօրին միանալու իրաւունք ունեն Ծաղկազարդի տօնին, Լոյսի արարողութեանը յաջորդող թափօրին եւ Ս. Յարութեան տօնի թափօրին:

Place for supporters
& advertisement