Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Ադրիանոսի և նրա կնոջ՝ Անատոլիայի, Թեոդորոս և Ելևթյուրոս վկաների

2021 -11-16

Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը՝ իր կնոջ՝ Անատոլիայի աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում: Նոր հավատքի համար նա բանտարկվում է և խստագույն չարչարանքների ենթարկվելով՝ նահատակվում է 310թ.: Անատոլիան, որ քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների ժամանակ գոտեպնդում էր բանտարկյալներին՝ չտկարանալու հավատքի մեջ և արիաբար ընդունելու մարտիրոսական պսակը, իր ամուսնու նահատակությանը ներկա էր՝ իբրև այր ձևանալով: Նա այնքան անձնվիրաբար էր ծառայում բանտարկյալ քրիստոնյաներին, որ ստանում է «քույր մարտիրոսաց» անունը: Ամուսնու մահից հետո քաշվում է Բյուզանդիոն, ապրում  առաքինի վարքով և իր մահկանացուն կնքում խաղաղ մահով:

Թեոդորոսը զորավար էր հռոմեական բանակում Լիկիանոս կայսեր օրոք: Վերջինս թեև Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների ազատագրման հրովարտակը, բայց հետագայում մտափոխվում է և սկսում հալածել քրիստոնյաներին: Իրազեկ դառնալով, որ Թեոդորոսը ոչ միայն քրիստոնյա է, այլև ուրիշներին է քրիստոնեացնում, Լիկիանոսը հրահանգում է նրան հրաժարվել նոր հավատքից և դառնալ հին կրոնին: Սակայն Թեոդորոսը գերադասում է ենթարկվել չարչարանքների, քան ուրանալ Քրիստոսին: Կայսեր հրամանով նրան ձաղկում են, ապա գլխիվայր կապում խաչափայտին ու գլխատում 319թ.:

Ելևթյուրոսը ապրել և գործել է Դեկոս կայեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելևթյուրոսը դատարանին է դիմում առավել խիստ հանդիմանություններով, որի համար հալածվում է և հրաշքով փրկվում: Հրաշքին ականատես լինելով՝ բազում հեթանոսներ քրիստոնյա են դառնում, ի թիվս որոնց՝ Կալինիկոս քուրմը, որն իրեն բացահայտ քրիստոնյա է հռչակում և գլխատվում: Ելևթյուրոսը, դիմագրավելով բազմաթիվ տանջանքների, վախճանվում է իր մահով:

Ս. Ադրիանոսի և նրա կնոջ՝ Անատոլիայի, Թեոդորոս և Ելևթյուրոս վկաների հիշատակը Հայոց Եկեղեցին ոգեկոչում է ամեն տարի Վարդավառի 5-րդ կիրակիի հինգշաբթի օրը: