Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Գրիգոր Աստվածաբանի

2021 -07-31

Ս. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թ. Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա իր կրթությունն ստացել է Կեսարիայում, այնուհետև Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի՝ ս. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետև դառնում Սասիմայի եպիսկոպոս: Ս. Գրիգոր Աստվածաբանը ս. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թ. հունվարի 25-ին:

Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8 դարերում: Հայերեն թարգմանության մի մասը ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին: Ս. Գրիգոր Նազիանզացին քրիստոնեության մեծագույն դեմքերից մեկն է, որը արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանը և իր հարուստ գրվածքներով մեծապես ազդել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա: