Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի

2021 -07-17

Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սուրբերից են, քանի որ նրանց անվան հետ է մեծապես կապված հայոց լուսավորության պատմությունը:

Քրիստոսի համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի, թե՝ «Գնացե՛ք, քարոզե՛ք բոլոր հեթանոսներին…», Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների՝ բժշկում նաև Աբգար թագավորին, և ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, անցնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատքի  բերում, որոնք դառնում են հիմքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Գալով Արտազ գավառ, առաքյալը մուտք է գործում հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այս ամենին՝ Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ հայրենի հավատքին, սակայն ապարդյուն: Զայրացած արքան թե՛ Թադեոս առաքյալին և թե՛ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում։ Քրիստոնյա է դառնում նաև կառավարիչը։  Ի վերջո արքայի հրամանով Թադեոս առաքյալը և Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում:

Հայ Եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա և՝ Ս. Սանդուխտ կույսի հետ: