Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների և Քրիստինե կույսի

2021 -07-19

Կիպրիանոսն ապրել և գործել է Գ դարում: Ըստ Հայսմավուրքի նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր՝ խոր իմաստությամբ և հմուտ՝ մոգության արվեստին: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստր՝ Հուստիանե անունով, ով քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատքի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը՝ մերժում է՝ պատճառաբանելով, որ ինքն արդեն իսկ Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելությանը: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում: Նահատակվում է նաև Հուստիանե կույսը:

Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցելուց և թաքնվում է: Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ ինքը , դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնականությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից, քան մարդկանց չարությունից,խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում:

Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում է դրանք և գումարը բաշխում աղքատներին: Սրա համար նա անասելի չարչարանքների է  ենթարկվում և նահատակվում: