Նվիրապետական Աթոռներ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց բ. գ. թ., պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանին և վաստավոր ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանին՝ ի գնահատություն հայ ժողովրդին և հայրենիքին մատուցած բազմարդյուն ծառայությունների:

Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա երեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանը:

Մեծարյալների գովարժան ծառայություններին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. դ.,  պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը։

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ընթերցեց տիար Գուրգեն Մելիքյանին ուղղված կոնդակը, որում մասնավորաբար նշված է.  «Տիրոջ կամքով առիթ ենք ունեցել անձնապես ճանաչելու հավատավոր հայորդուդ և քաջատեղյակ ենք մեր ժողովրդի կյանքում Ձեր մեծ վաստակին: Ծնվելով և հասակ առնելով հայ կեանքի ավանդույթներով հարուստ իրանահա համայնքում՝ Դուք Ձեր հոգում կրում էք ազգասեր ու հայրենասեր ոգի և անկեղծ նվիրում հանդեպ հարազատ ժողովուրդը, որն ամբողջապես արտահայտել եք գիտական, կրթական ու հասարակական Ձեր երկարամյա գործունեության մեջ:

Այսօր առիթ ունենք անդրադառնալու, որ երկար տարիներ ղեկավարելով Երևանի պետական համալսարանի Արևելագիտության Ֆակուլտետը՝ Դուք գովարժան ավանդ եք բերել մեր երկրում արևելագիտության զարգացման և երիտասարդ մասնագետների պատրաստության գործին: Իբրև դասախոս և Ամբիոնի վարիչ, Դուք հոգածու նվիրումով Ձեր սաների հոգիներում խնամել և զորացրել եք սերը հանդեպ գիտության լուսավոր աշխարհը: Անցնող տասնամյակներին նաև հեղինակել եք բազմաթիվ գիտական աշխատություններ, կատարել թարգմանություններ՝ արժանանալով գիտական բարձր կոչումների ու պարգևների:

Արցախյան հերոսամարտի տարիներին Դուք անսալով Ձեր հոգու կանչին՝  միացաք մեր ժողովրդի ինքնապաշտպանական պայքարին՝ հանուն Արցախում բնակվող հայորդիների ազատ ու անկախ ապրելու իրավունքի: Ձեզ պես արիասիրտ հայորդիների խիզախումի ու անձնազոհությունների շնորհիվ մեր նորօրյա պատմությունը զարդարված է հաղթական փառավոր էջերով, որոնք սերունդե սերունդ պիտի խանդավառեն մեր ժողովրդին։ Արցախին Ձեր ծառայությունները Դուք շարունակեցիք նաև հրադադարի պայմաններում՝ հիմնելով հիմնադրամ՝ հաջակցություն Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքների»։

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց տիար Արտյոմ Գրիգորյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է.  «Ամբողջացնելով Ձեր մասնագիտական կրթությունը Երևանի եւ Մոսկվայի ճարտարապետական բարձրագույն ուսումնական հատատություններում՝ Դուք տասնամյակներ շարունակ նախանձախնդիր գործունեություն ծավալեցիք Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում, որտեղ ստանձնեցիք տարբեր հանձնառություններ, ապա նաև Գործակալության պետի պատասխանատու պաշտոնը՝ Ձեր կարողություններն ի սպաս բերելով մեր պատմական կոթողների պահպանության ու վերականգնման ազգանվեր գործին:

Ձեր վաստակը հարստացրել էք նաև քաղաքաշինական ոլորտում ստեղծագործական բեղուն գործունեությամբ՝ հեղինակելով Հայաստանի տարբեր բնակավայրերի բարեկարգման, շենքերի կառուցման և պատմամշակութային միջավայրի պահպանության նախագծեր, ի շարս որոնց՝ Էջմիածին քաղաքի կենտրոնի կառուցապատման և բարեկարգման նախագիծը: Ձեր նախագծով կյանքի կոչվեց նաև Տաթևի վանական համալիրի՝ եկեղեցիների և կից շինությունների վերականգնման և բարեզարդման նախաձեռնությունը, որով նոր շունչ ստացաւ միջնադարյան վանքը՝ որպէս հռչակավոր ուխտատեղի մեր հավատացյալների և Հայաստան այցելող հյուրերի համար:

Գնահատանքով ենք անդրադառնում նաև, որ Դուք երկար տարիներ դասավանդում էք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում` կրթօջախի սաներին փոխանցելով Ձեր բազմափորձ գիտելիքներն ու վարպետությունը»:

Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշաններով զարդարեց մեծարյալների կուրծքը` վերստին բերելով նրանց Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին:

Միջոցառումն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: 

Place for supporters
& advertisement