Հարցազրույցներ

Մայր Աթոռը պաշտոնապես դիմել է Մոսկվայի պատրիարքությանը

Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտ Ալեկսիյ Նիկանորովը Baku TV-ին տված հարցազրույցում մեղադրել էր հայերին եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն՝ Աղվանքի եկեղեցու ուծացման եւ գլխատման, վերջինիս պատմության եւ ունեցվածքի` ասել է թե` Արցախի բոլոր եկեղեցիների ու վանքերի` Դադիվանքի, Գանձասարի եւ մյուսների յուրացման մեջ: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆՆ ասաց, որ երեւույթն անընդունելի է։

– Ակնհայտորեն աղավաղվում են պատմական իրողությունները եւ այլ լույսի ներքո մատուցվում հանրությանը: Ցավալի է, որ դա արվում է Ռուս եկեղեցու սպասավորի միջոցով։ Դժվար է ասել, թե` ինչո՛ւ, թերեւս` քաղաքական դրդապատճառներով: Պետք է դիտարկել նույն տրամաբանության մեջ, ինչպես եւ պատմական Արցախ աշխարհի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հավակնությունները։

– Մայր Աթոռը պաշտոնապես դիմե՞լ է Ռուս ուղղափառ եկեղեցուն` պարզաբանում ստանալու համար` իր անձնակա՞ն, թե Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումն է հայտնել վարդապետ Ալեկսիյ Նիկանորովը:

– Մատնանշված հարցազրույցի առիթով Մայր Աթոռը պաշտոնապես կապ  է հաստատել  Մոսկվայի պատրիարքություն եւ իր տեսակետները փոխանցել երեւույթի վերաբերյալ։ Հստակ է, որ արտահայտված դիրքորոշումներն անհատական են։

– Այնուամենայնիվ, կա՞ որեւէ բացատրություն, թե ինչպես կարող է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը չարտահայտել իր իսկ եկեղեցու տեսակետը, իսկ եթե պաշտոնական տեսակետն է հայտնում, ինչպե՞ս սա հասկանալ:

– Կարծում եմ` մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել Ադրբեջանում գործող տարբեր կրոնական հարանվանությունների առաջնորդների գործողություններին, ականջալուր` նրանց հայտարարություններին, կոչերին եւ տեսակետներին։ Հերթական այս հարցազրույցը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում` իբրեւ հետեւանք Ադրբեջանում տիրող իրավիճակի։ Վարդապետը հարցազրույցում, ինչպես եւ նշում է, ներկայացնում է իր գիտական աստիճանի համար Աղվանքի եւ նրա պատմության վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքներն ու սեփական եզրահանգումները, որոնք, հասկանալի է, որեւէ կապ չունեն Ռուս եկեղեցու դիրքորոշումների հետ, սակայն, ցավոք, շահարկվում են քաղաքական նպատակներով։

– Մոսկվայում կայացած հոգեւոր առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկում ծավալվե՞լ է մեր եկեղեցիների ծագումնաբանության եւ «ալբանական» որակելու ադրբեջանական փորձերի վերաբերյալ:

– Վերոհիշյալ հարցերը` առնչված Արցախում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգեւոր ժառանգությանը, քննարկման նյութ դարձել են ինչպես Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ հանդիպմանը, այնպես եւ հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը։ Հայկական կողմն այս կապակցությամբ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը` պատմությունը աղավաղելու եւ հայկական սրբատեղիները «յուրացնելու» այս փորձերի վերաբերյալ։

– Ի՞նչ քայլեր է արվում, որ պատմությունը չփորձեն նենգափոխել ոչ միայն մեր թշնամիները, այլեւ՝ ռազմավարական դաշնակիցները:

– Ես, անշուշտ, կխմբագրեի Ձեր հարցումը, որովհետեւ որեւէ անհատ եկեղեցականի տեսակետը վերագրել ողջ Եկեղեցուն, պատշաճ չեմ նկատում, եւ, ինչպես վերը նշեցինք, դա այդպես չէ։ Ռուս Օրթոդոկս եկեղեցին քաջ գիտակցում է եկեղեցաբանական ու կանոնական առումներով հարցի ողջ նրբությունը։ Ինչ վերաբերում է հարցի մնացյալ հատվածին, ապա հայերս պետք է տեր կանգնենք մեր ժառանգությանն ու պատմությանը եւ չանդրադառնանք դրանց միայն նման օրհասական պահերին։ Հայագիտական շրջանակներում պետք է այս առումով լուրջ աշխատանք տարվի, եւ արդյունքները հանրահռչակվեն. այսօր մեզանում քիչ են Աղվանքի եւ Աղվանից եկեղեցու պատմությամբ զբաղվողները։ Սակայն անգամ վերջիններիս ուսումնասիրությունները հասու չեն աշխարհին։ Այսօր հակազդելու պայքարի մեջ առյուծի բաժինը տեղեկատվությանն է պատկանում։ Ուստի` մենք պետք է գտնենք արդյունավետ ուղիները՝ ճշմարտությունը մատուցելու ողջ աշխարհին։ Սա միայն իր ժառանգությունը պաշտպանող Հայոց եկեղեցու, կամ իր գիտական թեզերը ներկայացնող որեւէ հայագետի, կամ Արցախի Հանրապետության պայքար չէ։ Այս առաքելության մեջ բոլոր ուժերը պետք է մեկտեղվեն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Իրավունք

Place for supporters
& advertisement