Մամուլի տեսություն

Այսօր իրար սիրելու անհրաժեշտությունն օրհասական է

Սիրելի հայ ժողովուրդ, քրիստոնեական գաղափարների առաջին հորիզոնականում իրար սիրելու եւ հարգելու աստվածային պատվիրանը միշտ կենդանի է, միշտ խոսուն: Հայ ժողովրդի ծանր օրերին ականատես Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն ասում էր, որ մարդկային հարաբերությունները աստվածայինի հետ ներդաշնակելու համար անհրաժեշտ է, որպեսզի իրար շատ սիրենք, որովհետեւ եթե ճշմարիտ ավետարանական սիրով սիրենք իրար, էլ մեզ ոչինչ չի պակասի: Ավետարանական բոլոր պատգամներն ու խորհուրդները պտտվում են Քրիստոսից բխող կատարյալ սիրո առանցքի շուրջը, եւ այս տեսակ սիրո եւ ավետարանից բխող այդ անմահ ուժի եւ զգացողությամբ միայն կարող ենք հաղթահարել մեր երկրի ներսում ամիսներ շարունակ գոյություն ունեցող խավար մթնոլորտին. օտար շրջանակներից մինչեւ արյունակցական հարաբերություններ մարդիկ նույն քաղաքական հայացքները չունենալու համար իրարից նեղանում են, իրար վիրավորում եւ սպանում: Ո՞րն է դրա ճշմարիտ լինելը, ո՞րն է դրա ավետարանական բացատրությունը. ո՞վ կարող է ասել, որ չարը չէ այս ամենի հեղինակը, եւ իսկապես չարն է, որ չարացրել է բոլորիս եւ դարձրել իր սեփական ծրագրերը իրականացնելու ուղղակի միջոց: Սիրելի՛ հայրենակիցներ, եկեք դավաճանանենք չարին եւ դառնանք դեպի ճշմարիտ Աստված եւ Նրանից խնդրենք Իր անմնացորդ սերը Հայ ժողովրդի հոգեկան խաղաղության համար:

Պատերազմի ցավալի օրերին բոլորս համախմբված էինք, այդ դառը եւ անմոռանալի ժամերը անցկացրեցինք Աստծուն ուղղված բազմաթիվ աղոթքներով, մի կողմից խորը ցավ էր, որ Հայոց Աշխարհում լսվում էր պայթյունների որոտը, բայց մյուս կողմից հոգեկան ուրախություն էր, որ բոլորս աղոթում էինք: Ո՞ւր են հիմա այն աղոթքները, որ մեր սրտերից դեպի Աստված էին գնում, եւ ո՞ւր է այն ուժը, որ բոլորիս ուղղակի դարձրել էր աշխարհի ամենակարող ազգը: Սիրելի հայ, դու աշխարհում արարող մարդու տեսակ ես, դու պարտվել չգիտես, դու թշնամու ուժի դեմ ավելի զորավոր ես. համոզված եմ, որ դու պատրաստ ես տալ քո ամենաթանկը՝ քո կյանքը՝ հայրենիքին եւ քո սրբություններին:

Մի խոնարհվիր այն դառը իրականության առջեւ, որ ամիսներ շարունակ պարուրել է քո սիրտն ու հոգին: Դու Ավարայր ես տեսել, դու Եղեռն ես ապրել, դու Արցախյան եւ ապրիլյան կռիվների բովի մեջ թրծվել ու դարձել ես ամուր վահան, եւ այդ վահանը պաշտպանել գիտի եւ այդ վահանը արծաթի պես փայլում եւ գոցում է աչքերը մեր դարավոր թշնամու: Վեր կաց եւ քայլիր, մի՛ թող, որ թշնամին ավելի ուրախանա այն սին ու դատարկ չհաղթանակի համար, որով այսքան ժամանակ ուրախանում է, պայքարի՛ր ու երջանիկ դարձրու գալիք սերունդների Հայաստանը, որն այնքան կանաչ է. այն բնօրրանն է հավերժության եւ դրախտը աշխարհի: Թշնամուն ուղղակի ապացուցիր, թե որքան ուժեղ ես դու, որքան զորավոր է հարվածը քո բազկի եւ որքան շնորհատու՝ խաչը քո ձեռքի:

Ես հավատում եմ քեզ, ՀԱ՛Յ մարդ: Հայ ժողովուրդը անպայման արթնանալու է այն խորը քնից, որի մեջ է գտնվում դարեր շարունակ:

Աղոթքս է, որ Բարձրյալն Աստված պահպանի հայ մարդու պատկերը, որպեսզի այն մնա բոլորի համար դաստիարակող տեսակ, որպեսզի այն բոլոր ազգերի համար լինի օրինակ՝ դառնալու եւ երկրպագելու Ամենատես Աստծուն: Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս տղաների հիշատակի առջեւ մենք մեծ պատասխանատվություն ենք կրում, մենք ամեն գնով պարտավոր ենք ոտքի կանգնել ու քայլել՝ դեպի Աստված եւ դեպի հայրենիք՝ Արցախ:

Աղոթում ենք, որպեսզի երկիրը կառավարել ցանկացող յուրաքանչյուր անհատ գիտակցի, թե ինչ բան է հայրենիքը, թե ինչպիսի արժեք եւ ինչպիսի քաղցրություն է այն իրենից ներկայացնում, եւ յուրաքանչյուր կառավարող ուժ պետք է տա իր ամենալավը, չխնայի ոչինչ հայրենիքի շենացման, հայրենիքի արեւշատության եւ ամենակարեւորը՝ հայրենիքի հզորացման համար:

Հայոց աշխարհը յուրահատուկ մի վայր է, որտեղ մարդիկ առաջին անգամ գտնվելով կարողանում են հոգեպես վերածնվել, եւ ամենից աստվածայինը՝ այդ վայրում նրանք կարողանում են ճանաչել ճշմարիտ եւ իրական Աստծուն: Աստված պահապան հայ ժողովրդին, Աստված առատապես օրհնի մեր հայրենիքին եւ մեր բանակին:

ՆԱՐԵԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

«Առավոտ» օրաթերթ 12.06.2021

Place for supporters
& advertisement